ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե ընդդիմադիր շարժում ենք համարում այն, ինչը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա մարտի 1-ին հանրահավաք կլինի»

«Եթե ընդդիմադիր շարժում ենք համարում այն, ինչը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա մարտի 1-ին հանրահավաք կլինի»
20.02.2009 | 00:00

«ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ Է ԲՀԿ-Ն ԱՅՆ ՍՊԻՏԱԿ ՁԻՆ, ՈՐԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ»
Ներհայաստանյան վերջին քաղաքական զարգացումները և դրանց հետ կապված հնարավոր արտաքին ազդեցությունները մեկնաբանում է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
-Պարոն Իսկանդարյան, ներքաղաքական նշանակության վերջին կարևոր իրադարձությունը ԲՀԿ-ի համագումարն էր։ Կային կանխատեսումներ կամ շրջանառվում էին լուրեր, որ ԲՀԿ-ն ներկոալիցիոն ընդդիմությունից կվերածվի բացահայտ ընդդիմության, Ռոբերտ Քոչարյանը կդառնա ԲՀԿ-ի նախագահ, վերաբաշխումներ կսկսվեն` խորհրդարանում նոր մեծամասնություն ձևավորելու համար։ Դա տեղի չունեցավ, բայց ինչո՞ւ, մի՞թե այդքան անհիմն էին սպասումները։
-Այդ հարցի պատասխանը սկզբունքորեն շատ կարճ է` իսկ ինչո՞ւ պիտի դա տեղի ունենար։ Գոնե մինչ օրս ես չեմ տեսել որևէ լուրջ պատճառ և քաղաքական տրամաբանություն այդ ամենում։ Սկզբունքորեն հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչո՞ւ այդ կանխատեսումները չիրականացան, այլ, առհասարակ, ինչո՞ւ են առաջանում այդ կարգի լուրերը, սպասումները, և հետո ամեն ինչ հերքվում է։ Մեկ Հայաստանը մտնում է ռուբլու գոտի, ինչն այնքան էլ հասկանալի չէ, կամ Երևանին սպառնում են ԵԽԽՎ-ում ձայնից զրկել, ինչն ի սկզբանե անհավանական էր։ Ռոբերտ Քոչարյանն էլ պատրաստվում է սպիտակ ձիու վրա վերադառնալ քաղաքականություն, և հետո բոլորը զարմանում են, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ։ Մինչդեռ ամենատարօրինակը կլիներ հենց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։
-Ինչո՞ւ։ Կարծում եք` նախկին նախագահն այլևս քաղաքական դերակատարության հավակնություններ չունի՞։
-Հավակնություններ ունի երեք միլիոն հայ, որ բնակվում է այս երկրում։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ նույնիսկ երկու և ավելի հավակնություն։ Քաղաքականության մեջ, սակայն, քաղաքական գործչի դերակատարությունը պայմանավորված չէ միայն հավակնություններով, առաջին հերթին պետք է լինի համապատասխան իրավիճակ։ Ասպարեզից հեռացած քաղաքական գործչի, նախկին նախագահի համար այնքան էլ հեշտ չէ անմիջապես վերադառնալ։ Հատկապես եթե նկատի ունենանք, թե ինչպես հեռացավ Ռոբերտ Քոչարյանը, նա ֆորմալ առումով այլևս ո՛չ պաշտոնյա է, ո՛չ էլ գոնե որևէ կուսակցության անդամ։ Այսինքն` գործնական քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։
-Դա, սակայն, չխանգարեց, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնար ասպարեզ։
-Այո, բայց տասը տարի անցավ, որպեսզի նախկին նախագահն այդպիսի որոշում ընդուներ։ Ես հիմքեր չեմ տեսնում այս պահին Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար` մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Եվ դեռ հարց է, թե որքանով է ԲՀԿ-ն այն սպիտակ ձին, որի վրա կարելի է վերադառնալ։
-Ինչո՞ւ ոչ։ Այդ կուսակցությունը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական միջամտությամբ։
-Անկասկած, ես դա գոնե չեմ ժխտի։ Բայց եկեք ընդունենք, որ շատ մարդիկ շատ բաներ են ստեղծել, հետո ի՞նչ։ ԲՀԿ-ն, իհարկե, զգալի չափով Ռոբերտ Քոչարյանի զավակն է, բայց, պատկերավոր ասած, հիմնադիր հայրը, փաստորեն, անցել է թոշակի, իսկ երեխան էլ փորձում է ինքնուրույն ապրել։ Սա նշանակում է, որ բոլորովին պարտադիր չէ, որ նախկին նախագահը քաղաքականություն վերադառնա հենց ԲՀԿ-ի միջոցով։ Թեպետ հասկանալի է, որ վերնախավի մասը կազմող խմբերի շրջանակներում տարածվող լուրերն ու բամբասանքներն ինչ-որ մարդկանց հետաքրքրությունների ու շահերի արտահայտումն են։ Սակայն, դրանից բացի, պետք է լինի քաղաքական տրամաբանություն։ Մինչդեռ, իմ տպավորությամբ, ԲՀԿ-ն վերջին համագումարով ցույց տվեց, որ փորձում է դառնալ իրական քաղաքական կուսակցություն։ Որքանով դա կհաջողվի, այլ հարց է։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն, իր լոյալությունը հայտնելով գործող նախագահին, կրկին մոնոլիտ դարձրեց իշխանական բուրգը։ Այսինքն` ներկա կառավարության գործունեությանը ոչինչ չի սպառնում իշխանության ներսից։
-Ո՛չ, այդպես չէ։ Հայաստանում իշխանության կառուցվածքն իրենից ներկայացնում է պոլիարխիա, այսինքն` բազմիշխանություն։ Հայաստանը բռնապետություն չէ։ Հասկանալի է, ո՛չ Շվեյցարիա է, ո՛չ էլ Հոլանդիա, բայց նաև Թուրքմենստան, Ադրբեջան կամ Ռուսաստան չէ։ Հայաստանում իշխանությունն իրենից չի ներկայացնում մեկ մարդու գործառույթ, այն ձևավորվում է բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ։ Շահագրգիռ անձանց, կուսակցությունների, ֆինանսատնտեսական խմբերի, քանի որ տնտեսությունն ու քաղաքականությունը Հայաստանում սերտաճած են։ Այդ խմբերը մշտական մրցակցության մեջ են միմյանց հետ և ավանդաբար կոնսենսուսի են հանգում իշխանությունը կիսելու պահին։ Դա հրապարակային գործընթաց չէ, նրանք չեն պայքարում հանուն սահմանադրության, ազատ խոսքի իրավունքի, սոցիալիզմի կամ կապիտալիզմի։ Պայքարն ընթանում է իշխանության տարբեր սեգմենտների համար։
Այսօր դա տեղի է ունենում կոալիցիայի շրջանակում։ Բայց դա չի նշանակում, որ իշխանության սեգմենտները բաժանվում են կուսակցությունների միջև։ Կուսակցությունների ներսում էլ կարող են լինել հակամարտող խմբավորումներ, լոբբինգային խմբեր, որ փորձում են կիսել իշխանությունը։ Ասենք, նույն ՀՀԿ-ն միատարր զանգված չէ, այնտեղ կան տարբեր շահեր, որոնք բախման մեջ են, և դրա արդյունքում էլ կայացվում են համաձայնեցված որոշումներ։
-Ըստ Ձեզ, իշխանության համար այդ պայքարը համակարգվա՞ծ բնույթ ունի։
-Այո, այն բավականաչափ համակարգային է։ Համենայն դեպս, իրար վրա չեն կրակում։ Այդ պայքարում մեկը պարտվում է, մյուսը` հաղթում, բայց պարտությունն ու հաղթանակն էլ բացարձակ չեն, այլ հարաբերական, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում նույն համակարգի ներսում։ Դրա հետևանքով էլ երկրում քիչ թե շատ կայուն իրավիճակ է։ Այլ բան, որ իշխանության բաժանման գործընթացում քաղաքականության սուբյեկտ են սահմանափակ թվով մարդիկ։ Ասենք, մի քանի տասնյակ, իսկ դա նշանակում է, որ համակարգը սկզբունքորեն կայուն չէ։ Իշխանությունն այսօր ուժեղ է ոչ այն պատճառով, որ ուժեղ է նրա կառուցվածքը, այլ որովհետև էական սպառնալիք չկա։
-Ինչպե՞ս չկա։ Կա արմատական ընդդիմությունը` իր հայտնի պահանջներով։ Մարտի 1-ը քթի տակ է, ընդդիմությունն այդ օրը կարող է զգալի զանգվածներ դուրս բերել փողոց, և եթե իշխանության կառուցվածքը սկզբունքորեն ամուր չէ, կարող են խնդիրներ առաջանալ։
-Իրական ընդդիմություն Հայաստանում չկա։ Եթե ընդդիմադիր շարժում ենք համարում այն, ինչը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա մարտի 1-ին հանրահավաք կլինի։ Առաջին նախագահի շրջապատում կան արմատական տրամադրություններ ունեցող մարդիկ, բայց մարտավարությունը, այսպես թե այնպես, որոշում է նա։ Ընդդիմության համար հանրահավաքը պարտադիր է, և չանցկացնել այն հնարավոր չէ։ Հասկանալի է նաև, որ ծավալով այն փոքր չի լինի, բայց շատ քիչ է հավանականությունը, որ ինչ-որ լուրջ պրոբլեմներ կստեղծի իշխանության համար կամ առավել ևս կհանգեցնի նրա փլուզմանը։ Անցյալ տարի ընդդիմության ունեցած այդ ռեսուրսը չբավարարեց, իշխանության կառուցվածքին կամ համակարգին հասցվեց բավականին ուժեղ հարված, բայց համակարգը դիմացավ։ Ընդ որում, այդ համակարգը Սերժ Սարգսյանը չի ստեղծել, այն ձևավորվել է 1990-ականների կեսից սկսած։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը դուրս է եկել այդ համակարգից, բայց նա շատ լավ գիտեր համակարգի բոլոր խոցելի կողմերը։ Եվ, այնուհանդերձ, իշխանափոխություն իրականացնել չկարողացավ։
-Իսկ գուցե ընդդիմության ռեսուրսներն անցած մեկ տարում չեն նվազել, այլ ավելացե՞լ են։
-Չեմ կարծում, որովհետև ընտրություններ չկան։ Հետխորհրդային երկրներում այդ ձևով հաջողված իշխանափոխությունները, որ հաճախ անվանում են «գունավոր հեղափոխություն», տեղի են ունեցել բացառապես ընտրական շրջանում։ Որովհետև երբ ընտրություններ են, և իշխանության փոխանցման խնդիր է դրված, այդ պահին համակարգն առավելագույնս թուլանում է։ Քանզի քաղաքական զարգացումները որոշում են ոչ թե մի քանի տասնյակ մարդիկ, այլ հարյուր հազարանոց զանգվածները, որ գալիս են տեղամասեր ու քվեարկում։ Թուրքմենստանում դա միգուցե որևէ նշանակություն չունի, բայց Հայաստանում ունի։ Եվ հենց համակարգի թուլացած պահին է, որ «գունավոր հեղափոխություններ» իրականացրած գործիչները կարողացել են հաջողության հասնել` հարվածելով ու փլուզելով համակարգը։ Ընդ որում, դրանք, որպես կանոն, մարդիկ են, ովքեր դուրս են եկել այդ նույն համակարգից։ Յուշչենկոն` ՈՒկրաինայում, Սաակաշվիլին` Վրաստանում, Բակիևը` Ղրղզստանում։ Բոլորն էլ նախկինում իշխանական համակարգի մաս են կազմել, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Այսինքն` Դուք կարծում եք, որ ընտրությունների բացակայության պայմաններում ընդդիմության հաջողությունը բացառվա՞ծ է։
-Աշխարհում ոչինչ բացառված չէ, բայց քիչ հավանական է։ Որովհետև ընտրությունների բացակայության պայմաններում մի քանի հարյուր հազար մարդ մի քանի օր շարունակ հավաքելը բավականին բարդ խնդիր է։ Մի բան է, երբ ընտրություններ են ու ընդդիմությունն իր համախոհներին հայտարարում է, որ դրանք կեղծված են, և բոլորովին այլ բան, երբ հետընտրական իրավիճակ է, ու ընդդիմության հիմնական կարգախոսներն են քաղբանտարկյալների առկայությունը, խոսքի ազատությունը և այլն։ Ես չեմ բացառում, որ ընդդիմությունը կանցկացնի նույնիսկ մի քանի հանրահավաք, բայց հարյուր հազարավոր մարդկանց անընդհատ փողոց դուրս բերելը քիչ հավանական է։
-Իսկ տնտեսական ճգնաժամի խորացման պարագայո՞ւմ։
-Ես տնտեսագետ չեմ, բայց շփվում եմ պրոֆեսիոնալ տնտեսագետների հետ։ Այն մարդիկ, ում ես իսկապես ոլորտի մասնագետ եմ համարում, նշում են, թե Հայաստանում բավական մեղմ են ճգնաժամի հետևանքները գոնե առայժմ։ Իհարկե, սոցիալական իրավիճակի լուրջ վատթարացումը կարող է բերել սոցիալական լուրջ դժգոհության, և դրանից կարող է օգտվել ցանկացած ընդդիմադիր ուժ, ոչ միայն այսօրվա արմատական ընդդիմությունը։ Ինձ համար վստահելի աղբյուրների գնահատականներով, եթե արտագնա աշխատանքի մեկնածներից 70 հազար մարդ վերադառնա Հայաստան, առավել ևս առանց ֆինանսական միջոցների, կարող է լինել լուրջ սոցիալական ընդվզում։ Բայց սա զուտ տեսական ենթադրություն է, որ մինչև մարտի 1-ը հաստատ չի իրականանա։
-Դուք ունե՞ք զգացողություն կամ տպավորություն, որ ընդդիմության ու իշխանության միջև անցած ամիսներին բանակցություններ են ընթանում, և ինչ-որ պայմանավորվածություններ արդեն կան։
-Գիտե՞ք, դա զգացողության հարց չէ, այլ տեղեկացվածության։ Կա՛մ այդ բանակցությունները կան, կա՛մ չկան, դու դրանց մասին գիտես կամ չգիտես։ Շրջանառվող տարաբնույթ լուրերը բավարար չեն հետևություններ անելու համար, եթե հիմքում չկա քաղաքական տրամաբանություն։ Անձամբ ես որևէ շարժառիթ չեմ տեսնում, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությանն ու օրվա իշխանությանը մղեր բանակցությունների։
-Դե, ասենք, ընդդիմությունը կարող էր այդ քայլին դիմել ձերբակալված ընդդիմադիրներին ազատ արձակելու համար։
-Դա ընդդիմության մասնակի նպատակներից մեկն է, իսկ հիմնական նպատակն իշխանությունը վերցնելն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների ժամանակ գնաց վա-բանկ։ Այսինքն` եթե այլ ոչ իշխանական թեկնածուներ պայքարում էին իշխանության ինչ-որ սեգմենտի համար, նա, ինչպես և Սերժ Սարգսյանը, պայքարում էր բացառապես առաջին տեղի համար։ Հետո եղավ մարտի 1-ը։ Ընդդիմությունը հստակ դիրքորոշում ունի, որ առհասարակ չի ճանաչելու այս իշխանության լեգիտիմությունը։ Ոչ թե նրա մի թևի, այլ ամբողջ իշխանության` սահմանադրության, նախագահի, Ազգային ժողովի, կառավարության։ Եթե ընդդիմությունը գնա երկխոսության իշխանության հետ, նրա վարկանիշն անկում կապրի, և արդյունքում ինքը չի ստանա ոչինչ։ Դրա համար էլ դա քիչ հավանական է, ու տարօրինակ ոչինչ չկա, լատինաամերիկյան քաղաքական համակարգերում նման ուժեր գոյություն ունեն տասնամյակներ շարունակ։ Ի դեպ, ընդդիմադիրների դատավարությունն էլ, նրանց պահվածքն էլ շատ բան են հուշում։ Նրանք, փաստորեն, չեն ճանաչում դատարանը որպես օրինական մարմին, և դատարանն էլ չի վերաբերվում նրանց իբրև սովորական քրեական հանցագործների, անկախ նրանից, թե պաշտոնապես ինչ է ասվում։ Այսպիսով, երկխոսության փորձ լինելու դեպքում անգամ դրանից ոչինչ չի ստացվի։
-Ընդդիմությունը կարո՞ղ է ներկա պայմաններում հուսալ արտաքին աշխարհից` Ռուսաստանից կամ Արևմուտքից առարկայական աջակցություն, միջամտություն։
-Արտաքին աշխարհի կողմից հետաքրքրություն կա Հայաստանում ամեն ինչի, այդ թվում նաև` ընդդիմության նկատմամբ։ Եթե Սերժ Սարգսյանը դրսում հանդիպումներ է ունենում իբրև գործող նախագահ, ստանում է աջակցություն, որը ներսում իր հերթին ուժեղացնում է իշխանությանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ունի որոշակի հեղինակություն արտաքին դաշտում, որոշակի կապեր։ Սակայն նա գործող նախագահ չէ, և դա այս պարագայում որոշիչ է։ Թեպետ ներքին միջամտության առումով պետք է արձանագրենք, որ արտաքին աշխարհը միշտ էլ խուսափում է կտրուկ միջամտությունից։ Որովհետև ընթացող պայքարը ներքին պայքար է, արտաքին աշխարհն այն դիտարկում է բացառապես այն համատեքստում, թե որքանով է իշխանությունն այդ պայքարում ուժեղ կամ թույլ։ Եվ եթե իշխանությունը կարողանում է ապահովել բավարար կայունություն, արտաքին դաշտն աշխատում է այդ իշխանության հետ։ Եվ դա նորություն չէ։ Այդպես էր Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, Քոչարյանի օրոք, այդպես է հիմա և լինելու է միշտ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4300

Մեկնաբանություններ